ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, 8 պետական թանգարաններ

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, 8 պետական թանգարաններ
26.01.2021 | 23:38

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ հրապարակած զեկույցում։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Ըստ ՄԻՊ հաղորդագրության, զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։ Զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:


«Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա», - նշել է ՄԻՊ աշխատակազմը։
Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու իրական վտանգները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

Դիտվել է՝ 4265

Մեկնաբանություններ